Փաշինյանի սկանդալային հայտարարությունը, թե ՀՀ–ում սոցիալական ծանր վիճակի պատճառը քաղաքացիների ծուլությունն է, հետապնդում էր Աստանայի խայտառակությունը սքողելու նպատակ. Ա. Ենոքյան

18:49 • 14.11.18

 

Աստանայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի աշխատասեր փոքրամասնության եւ նրանց վզին նստած լոդրերի մասին դարձավ վերջին օրերի ամենաքննարկվող թեման։ Խնդրի տնտեսական ու սոցիալական չհիմնավորվածության մասին շատ է խոսվել եւ այստեղ արդեն որեւէ նոր քննարկում իրավիճակ չի փոխի։

Ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչու այդ հայտարարությունը հնչեց հենց այդ ժամանակ։ «Լոդրեր-աշխատողներ» դիխոտոմիան ստվերում թողեց ՀԱՊԿ ղեկավարությունը Հայաստանի ձեռքից վերցնելու եւ Ալիեւին այնտեղ հրավիրելու սկանդալները։ Սա Հայաստանի արտաքին քաղաքականության խոշոր ձախողումն էր, որը չհաշվարկված ներքին զարգացումների բնական եզրահանգումն էր։

Կարեւոր չէ, որ Աստանայում վերջնական չորոշվեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը։ Հաջորդ նիստին այն հաստատապես կհանձնվի այլ երկրի ներկայացուցչի։ Կարեւոր չէ նաեւ, որ Ադրբեջանին այս անգամ թույլ չտրվեց մասնակցել ՀԱՊԿ վեհաժողովին։ Առավել կարեւոր է, որ նման հարցը արդեն հրապարակային քննարկվում է, ժամանակի ընթացքում այն կստանա Ռուսաստանի համար ցանկալի լուծում։

Այս զարգացումները ակնհայտ ցույց տվեցին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ամբողջապես վիժեցված է։ Հայտարարելով, թե Նոր Հայաստանը շարունակելու է հնի արտաքին քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանը ամբողջովին ձախողեց Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ըստ էության, խուսափելով անվտանգության քաղաքականություն վարելուց, ղարաբաղյան հարցում փորձելով խուսափել պատասխանատվությունից, ավելին՝ այս համատեքստում փորձելով մտցնել ներքաղաքական պոպուլիզմի առանցք, ի վերջո Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ամբողջապես հանձնեց Մոսկվայի ողորմածությանը, զրկվելով ամենատարրական լծակներից, որոնք դեռեւս պահպանվել էին։ Հիմա Ռուսաստանն արդեն կարող է բոլոր հարցերը լուծել իր սեփական հայեցողությամբ, Հայաստանին թողնելով լուռ կամ աղմկող դիտորդի դերը՝ կախված իրավիճակից։

Սկանդալային հայտարարությունը, թե Հայաստանում սոցիալական ծանր վիճակի պատճառը քաղաքացիների ծուլությունն է, հետապնդում էր Աստանայի խայտառակությունը սքողելու նպատակ, այլապես Նիկոլ Փաշինյանը հայ աշխատավորի էֆեկտիվության գնահատականը կարող էր տալ Երեւան վերադառնալուց հետո։ Իսկ ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, այն ժողովրդի, ում իշխանությունն ինքը իրագործում է եւ ում շնորհիվ ինքը հասավ իշխանության, վաղուց է հայտնի։ Նոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիմանում է ժողովրդին, դեռևս 1-1.5 տարի առաջ նա անընդհատ խոսում էր այն մասին, որ հայ ժողովուրդը դեռ բավականաչափ հասուն չէ, խելոք չէ, ապագային միտված չէ, ագահ է, որ իր օրվա խնդիրները լուծելու համար վերցնում է 5-10 հազար ընտրակաշառքը եւ իր քվեն տալիս է ՀՀԿ/ԲՀԿ/ՀՅԴ-ին, փոխանակ քվեարկի իրեն դեպի պայծառ ապագա տանող ԵԼՔ-ի օգտին։

Հետո ժողովուրդը դարձավ հասուն, խելոք ու հպարտ, եւ իր հանրահավաքներով իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին։ Իսկ հիմա նրա նախկին վատ որակներին գումարվել է լոդրությունը, ինչը հնարավորություն չի տալիս Նիկոլ Փաշինյանին ամբողջությամբ իրագործել ժողովրդի հանդեպ իր մտադրությունները։ Ի դեպ, հենց այսպիսի ներքին համոզմունքն է, որ Նիկոլ Փաշինյանին ստիպում է մտածել, թե այս իշխանությունը ոչ թե ժողովուրդն է իրեն տվել, այլ ինքն է նվաճել ժողովրդի միջոցով։ Եվ այս տարբերությունը աշխարհայացքային է։

Նախընտրական թեժ շրջանում Նիկոլ Փաշինյանը չզլացավ կրկին մեղադրել ժողովրդին, սակայն, իհարկե, նա հիշում էր, որ մեկ ամսից նա կրկին դիմելու է այդ ժողովրդի քվեին։ Թեեւ պաշտոնապես նախընտրական քարոզչությունը դեռ չի սկսվել, սակայն մյուս կուսակցություններն արդեն ակտիվորեն սկսել են պայքարը մանդատների համար՝ մեկը ԱՁ-ներ է բացում, մյուսը դիրքավորվում է որպես միակ «սեւ», երրորդը զբաղված է այս երկուսին վարկաբեկելով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարծես մոռացել է ընտրությունների մասին ու չի զլանում կշտամբել ընտրողների։ Այստեղ հաշվարկը հիմնված է վերջին 7-8 ամիսների իներցիայի վրա՝ էլ ում պետք է ընտրի այդ ժողովուրդը, եթե ոչ իրեն, որ այդքան լավ խոստումներ է տվել։

Վերջին լայվը Նիկոլ Փաշինյանն արել է շուրջ մեկ ամիս առաջ։ Պետք է ենթադրել, որ անգամ մեծ նախընտրական հանրահավաքներ չեն լինի, մանավանդ, որ որոշվել է, թե «սեւ-սպիտակն» էլ չեն աշխատացնելու, իսկ առանց դրա հանրահավաքում էմոցիաներ չեն լինի։ Իշխանությունների հույսը «ափալ-թափալի» վրա է. նոր քաղաքական ուժերը չեն հասցնի թափ հավաքել, հին ուժերը վարկաբեկված են, սակայն ժողովրդի էյֆորիան դեռ աշխատում է։ Ժողովուրդն այլեւս պետք չէ. ուզում ես ասա, թե հասուն չէ, աշխատասեր չէ, մեկ-երկու անգամ կասեն հպարտ է, եւ կստանան անհրաժեշտ քվեն։ Հեղափոխությունն ավարտվեց, ուրեմն ժողովրդին կարելի է հանել քաղաքականությունից։

Աղասի Ենոքյան