Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին մեզ և բողոքում, որ սկսվեց գումար բաժանելու պրոցեսը. Ստեփան Գրիգորյան
Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին մեզ և բողոքում, որ սկսվեց գումար բաժանելու պրոցեսը. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը:
«Մենք քննիչներ չենք, չենք կարող զբաղվել նման հարցերով, բայց դիմում ենք ոստիկանությանը և մյուս պետական մարմիններին, որ ուշադիր լինեն, դա իրենց լիազորությունն է, նաև ԿԸՀ-ին, որ նման պրոցեսները կանխեն: Ի պատիվ Փաշինյանի՝ ինքն ասաց մեկ դեպքի մասին, կարևոր է կանխել այդ պրոցեսը: Մարդիկ, ովքեր համարձակվում են փող բաժանել, վատ բառեր թույլ չեմ տա ասել, բայց իրոք «անասուն» են: Նսեմացնել հայ ժողովրդին «Սասնա Ծռերը» ոչ ոքի թույլ չի տա»,-ասաց նա՝ շեշտելով, որ դա ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական հանցագործություն է:
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ժողովրդի կողմից սիրված են, հարգված են, և իրենց հանդիպումներին մեծ թվով մարդիկ կան: Ըստ նրա՝ իրենք կարողացել են քաղաքականացնել ընտրությունները, քանի որ գլխավոր հարցերը իրենց շուրջ է, քանի որ եկան՝ գաղափարախոսություն ունենալով:
Գրիգորյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցելու նոր կառավարության հետ, այնտեղ շատ երիտասարդներ կան, անփորձ և պետք է օգնել նրանց:
«Ասացինք, որ կհամագործակցենք կառավարության հետ, իհարկե մեր կարծիքները էականորեն տարբերվում են, բայց գալիս ենք ԱԺ՝ համագործակցելու, աշխատելու»,-ասաց նա:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ամեն ինչ տանում է այն հանգուցալուծմանը, որ «Սասնա Ծռերը» կլինի երկրորդ բևեռը առաջիկա ձևավորվելիք ԱԺ-ում:
«Քարոզարշավին ժողովրդի արձագանքը նորմալ դրական է, և քննարկումները բավական ակտիվ են, մարդիկ հետաքրքրվում են մեր ծրագրով, ինչպես պետք է երկիրը փոխեն, ինչ մոտեցումներ, պատկերացումներ ունենք կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ»,-ասաց նա:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը դժգոհեց, որ լրատվամիջոցներն այնքան էլ լավ չեն ուղեկցում «Սասնա Ծռերին» այս օրերին: Նա նշեց, որ ինքը և Ստեփան Գրիգորյանը, ըստ էության, դերաբաշխում են արել ապագայի գործունեության: «Ասացի՝ Ստեփան, քո գործը, ըստ էության, պատերազմ կանխելն է՝ որպես դիվանագետ, իսկ իմ գործը՝ որպես զինվորական, պատերազմում հաղթելն է»,-ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանն առանձնացրեց ծրագրային երկու կարևոր տեսլականները, որից առաջինը գյուղերի ապագայի հետ է կապված, իսկ երկրորդը վերաբերում է պաշտպանական համակարգին, մասնավորապես, սահմանապահ հատվածին, թե ինչպես են պահելու սահմանը:










