Հայերը մեզ այնպես են նայում, կարծես մենք կայսերապաշտ ենք. եթե չեն ուզում, որ օգնենք թուրքերի հարցում, մենք կնստենք գնացք ու կգնանք. Ստանիսլավ Տարասով

22:21 • 04.12.18

Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանություններին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վերաբերում է զգուշությամբ, ոչ թե անվստահությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքական գործիչ է: Նա ոչ ստանդարտ քաղաքական գործիչ է, իսկ նրա գործընկերները ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում քաղաքական այլ ծագման են, և պարզ է, որ նրան զգուշությամբ են վերաբերում: Վլադիմիր Պուտինը չի ուզում կորցնել Փաշինյանին` որպես գործընկերոջ, ինչի մասին են վկայում նրանց հանդիպումները»,- ասաց Ս. Տարասովը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի արել որևէ հայտարարություն կամ քայլ, որը կմեկնաբանվեր որպես հակառուսական: «Իսկ Յուրի Խաչատուրովին հետ կանչելու խնդիրը ուռճացված է, որովհետև դա այն պաշտոնը չէ, որը որոշում է ՀԱՊԿ քաղաքականությունը: Այո, Հայաստանը կանոնակարգային սխալ էր արել և հարուցել էր քրեական գործ՝ առանց Խաչատուրովին հետ կանչելու: Բայց սա հայ-ռուսական հարաբերությունների վրա չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը պետք է Հայաստանին, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է»,- նշեց քաղաքագետը:

Հարցին՝ իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ին պետք չէ՞. չէ՞ որ Հայաստանում է ռուսական միակ ռազմաբազան, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորն են: «Հայերը մեզ այնպես են նայում, կարծես, մենք կայսերապաշտ ենք:

Ուզո՞ւմ են հայերը լինել ազատ, թող լինեն ազատ, մենք չունենք նման բարդույթ: Ներկայիս Ռուսաստանը Խորհրդային միություն չէ, կայսրություն չէ: Մենք անվտանգության ապահովման առաքելություն ունենք: Մենք փրկեցինք աբխազներին ցեղասպանությունից, օսեթներին փրկեցինք, հիմա եթե հայերը չեն ուզում, որ մենք օգնենք նրանց թուրքերի հարցում, մենք կնստենք գնացք ու կգնանք»,- ասաց նա: