Չեմ հերքում` «Իմ քայլի» թեկնածուի համակրի ու իմ օգնականի միջև միջադեպ է եղել, բայց ես որևէ կերպ չեմ առնչվել. օգնականս ազատվել է աշխատանքից. Գ. Սարգսյան

16:35 • 04.12.18

Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև վիճաբանություն է եղել:

«Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:

Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում: Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:

Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում: Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,-հավելել է Գարիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը հաստատել էր, որ Արարատի մարզում՝ Մասիսում գտնվող «Իմ քայլի» դաշինքում, միջադեպ էր տեղի ունեցել, պատրաստվում են նյութեր: Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպին մասնակից էր եղել նաև Գարիկ Սարգսյանը: