ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով. Յու. Ուշակով

18:19 • 04.12.18

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով:

«Աստանայում կայացած նախորդ հանդիպմանն առաջնորդները պայմանավորվել են դեկտեմբերի 6-ին հանդիպում անցկացնելու մասին, սակայն հետո որոշել են չանցկացնել ՀԱՊԿ նիստը՝ հաշվի առնելով մասնավորապես հայկական կողմի խնդրանքը, որի համար պատճառ է հանդիսացել երկրում նախընտրական քարոզարշավի անցկացումն ու դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները», - РИА Новости-ն մեջբերում է Ուշակովի խոսքը:

Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած գագաթնաժողովում որոշում է կայացվել, որ Հայաստանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը: Այնուհետև Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ այդ պաշտոնի համար երեք հավանական թեկնածու ունի: Հայաստանն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Լուկաշենկոն չպետք է փակ դռների հետևում անցկացված ՀԱՊԿ նիստի մանրամասները պատմեր կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցչին: