Իսրայելը «Հեզբոլլահ»-ի ստորգետնյա թունելները գտնելու և փակելու գործողություն է սկսել
Իսրայելի զինված ուժերը դեկտեմբերի 3-ին նոր գործողություն է ձեռնարկել՝ նպատակ ունենալով հայտնաբերել ու փակել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման՝ Լիբանանից դեպի Իսրայելի հյուսիս ձգվող ստորգետնյա թունելները:
Ինչպես հայտնում է The New York Times-ը, այժմ իսրայելական կողմի նպատակն է գտնել ու վնասազերծել Իսրայելի տարածք մտնող թունելները:
Սակայն նոր գործողությունը ենթադրաբար խիստ լարվածություն կմտցնի Իսրայելի ու Լիբանանի՝ առանց այդ էլ բարդ փոխհարաբերություններում:
«Մենք «Հեզբոլլահ»-ի գործողությունները դիտարկում ենք որպես Իսրայելի ինքնիշխանության, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերի կոպիտ խախտում»,-նշել է զինված ուժերի խոսնակ, գնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը՝ հավելելով, որ «սա տարածաշրջանում Իրանի ազդեցության բացասական հետևանք է»:
2006թ. Իսրայելի ու «Հեզբոլլահ»-ի միջև մեկամսյա պատերազմ է տեղի ունեցել, որում հակամարտող կողմերից որևէ մեկը հաղթանակ չի տարել: Դրանից հետո իսրայելա-լիբանանյան սահմանին դրությունը համեմատաբար հանգիստ է: Այնուհանդերձ՝ Իսրայելը «Հեզբոլլահ»-ին շարունակում է որպես խոշոր սպառնալիք դիտարկել:










