Մարզահամերգային համալիրի տնօրենի հետ պայմանագիրը չի երկարաձգվել՝ չարաշահումների կասկածանքով. նոր տնօրենի մրցույթ կհայտարարվի. Ն. Բաբայան

14:28 • 04.12.18

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել: Համալիրի տնօրենի ընտրության համար մրցույթ կհայտարարվի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Պայմանագիրը չերկարաձգելը կապված է համալիրում չարաշահումների, ռիսկերի կասկածների հետ:

«Մեկ ամիս առաջ Վազգեն Ասատրյանը ծանուցվել է, որ պայմանագիրը չի երկարաձգվելու: Մենք որևէ պարտավորություն չունենք պայմանագիրը շարունակելու, և մեր ցանկությունն է նոր մրցույթ իրականացնելը, որը կլինի հունվարի վերջին: Նաև կան որոշակի չարաշահումների, ռիսկերի վերաբերյալ կասկածներ և այդ կասկածները նույնպես պետք է մանրամասն ստուգվեն: Քանի դեռ տնօրեններն իրենց պաշտոնում են լինում, որոշակի կաշկանդվածություն է լինում աշխատողների մոտ և շատ ժամանակ տնօրենները փորձում են խոչընդոտել այդ ստուգումներին»,- նշեց Նարեկ Բաբայանը:

Վազգեն Ասատրյանի պայմանագիրը պետք է ավարտված լիներ 2018 թ. հունիսին, սակայն այն երկարաձգվել էր մինչև դեկտեմբերի 1-ը:

«Պայմանագիրը հունիսին պետք է ավարտվեր, և նախապես Վազգեն Ասատրյանը ծանուցված է եղել, որ չի երկարաձգվելու պայմանագիրը: Սակայն, այնուհետև մենք երկարաձգեցինք՝ հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Ճիշտ չէր լինի այդ միջոցառումից առաջ փոխել տնօրենին, և պայմանագիրը երկարաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը»,- հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:

Մարզահամերգային համալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխտնօրենը՝ մինչև մրցույթի կայացումը: