Մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ թռիչքի նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով. Դատախազություն

15:53 • 04.12.18

Այսօր Մարալիկի տարածաշրջանում  մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ:

«ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով»:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 378-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի մարդու մահ:

Դատախազությունից նաև հայտնեցին, որ դատախազական հսկողությունը հանձնարարվել է ՀՀ զինվորական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազներին:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ավելի ուշ հայտնեցին, որ վթարի վայրը հայտնաբերվել է՝ Մարալիկի տարածաշրջանում, լեռներում։ Մահացած օդաչուներն են ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Մովսես Մանուկյանը: