Կոռուպցիայի դեմ պայքարը շոուի մակարդակից չի անցնում.  ՀՀԿ-ի կարծիքին «Իմ քայլից» պատասխանեցին՝ եթե 2015-2016 թթ-ին 53 գործ էր հարուցվել, 2018թ-ին դրանց թիվը 431 է. բանավեճ

20:42 • 05.12.18

Այն, ինչ այս իշխանությունն անում է հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում, առայժմ  շոուի մակարդակից չի անցնում, մարդկանց բռնում են, մի քանի օրից բաց են թողնում. «Ազատություն» ռադիոկայանի եթերում հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Մարգարիտա Եսայանը:  

Ըստ նրա՝ այս ամբողջ գործողությունն օգտագործում են ուժերից մեկի դեմ հակաքարոզչություն տանելով: «Այն պաթոսը, ոգևորությունը, ջանքը, որ բառերով արտահայտվում է, գոնե հիմք պետք է լիներ՝ մեկ-երկու դատական հայց դատարան մտնելու համար, փոխարենը մենք տեսնում ենք միայն հայտարարություններ շոուի կարգավիճակով»,-ասաց նա:

Մարգարիտ Եսայանը նշեց, որ չի հիշում մի իշխանություն կամ ընդդիմություն, որ ասի՝ չի ուզում պայքարել կոռուպցիայի դեմ: «ՀՀԿ-ն ստեղծել էր հակակոռուպցիոն մարմին, որը արդյունավետ աշխատել է, ՊՆ-ի համակարգում գեներալների մատակարարման հարցով դատական գործ է սկսվել, և նրանք ազատազրկման մեջ են գտնվում»,-օրինակ բերեց Մարգարիտ Եսայանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանը համաձայն է ՀՀԿ պատգամավորի հետ, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում արդյունավետություն չկա: «Առայժմ հայտարարությունների, շոուների մակարդակում, այո, կան, կա կոռուպցիոն դրսևորումների վերհանման բավական փորձ, բայց պայքարը համակարգային է, և օրենսդրական միջավայրում պետք է իրականացնել այն:  Այս իշխանությունները հայտարարում են, որ այլևս երկրում կոռուպցիա չունենք, իսկ դա նշանակում է, որ գրպանված գումարների  50 տոկոսը պետք է արտացոլվեր բյուջեի մեջ, կարճ ասած՝ միայն հայտարարությունների փուլում ունենք կոռուպցիայի դեմ պայքար»,-ասաց նա:  

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը հակադարձեց. «Չարաչար սխալվում եք, այո ,ՀՀԿ-ն հակակոռուպցիոն պայքար է մղել, միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց արդյունք չի եղել, 15-16 թթ-ին ընդամենը 53 գործ է հարուցվել, իսկ Եսայանի մատնանշած գործը միայն եղել է ապրիլյան պատերազմից հետո հանրային ճնշումից հետո: 2018թ-ին մենք ունեցել ենք 431 գործ հարուցված»,-ասաց նա և նշեց, որ ժամանակը կարճ է, որ այդ հարուցված գործերը հասնեին դատարաններ: Բացի այդ, ըստ նրա՝ 55 մլն դոլարից ավել արդեն վերադարձ է իրականացվել հակակոռուպցիոն ծրագրի շնորհիվ»,-ասաց նա:  

Վերջինս նաև անդրադարձավ այսօր հրապարակված գաղտնալսման նյութի տարածմանը և այն որակեց պետական դավաճանությանը համարժեք գործողություն: «Այն ուժերը, որ հեղափոխության դեմ են պայքարում, պատերազմ են հայտարարել հայ ժողովրդի դեմ»,-ասաց նա:

Մարգարիտ Եսայանը Գայանե Աբրահամյանին հակադարձեց, որ նա իրենց արած աշխատանքները չտեսնելու է տալիս: «Ձեր նշած թվերը, դեպքերը չեն համընկնում կոռուպցիան բացահայտելու երևույթների հետ, դրանք շոուի մաս են կազմում:  Գաղտնալսման մասին էլ դուք առաջինը ասացիք, ինչպես առաջինը գողն է գոռում՝ բռնեք գողին: Այսօր դուք իշխանության եք, և վարչապետի պաշտոնակատարը աջ ու ձախ հրահանգներ է տալիս, հանձնարարականներ տալիս ԱԱԾ-ին, որ բացահայտի: Այո, մի կետում համաձայն ենք, երկրի անվտանգությանը վտանգ է սպառում»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը նշեց, որ այն պայքարը, որ իշխանության կողմից է տարվում, հեղհեղուկ է: «Պետք է ինստիտուցիոնալ հիմքեր լինեն, պետք է ունենալ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որը պետք է զբաղվի կանխարգելմամբ, հետազոտմամբ և պատժելու գործառույթներով, և կարևոր է, որ ԱԺ ընտրություններից հետո հակակոռուպցիոն պայքարը ոչ միայն իրականացնի պետությունը միայնակ, այլև ներգրավի նաև քաղհասարակությանը»,-ասաց նա:

ԲՀԿ ներկայացուցիչ Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ ժամանակին տպավորություն էին նախկին իշխանությունները ստեղծել, թե պայքարի մարմին կար, և ինքն էլ, կարճ ժամանակ աշխատելով գործադիր մարմնում և ներսում լինելով, տեսել է, որ այն որևէ արդյունք չի տվել: «Միանշանակ կարևոր է, որ այս մարմնում ներառված չլինեն իշխանության ներկայացուցիչները, այլ պետք է ներգրավված լինեն նաև քաղհասարակության և ընդդիմության ներկայացուցիչները»,-ասաց նա: