ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում է պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը (ուղիղ)
ԱԺ նիստին մասնակցելու համար գրանցվել է 11 պատգամավոր, քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ պետք է սպասեն 4 ժամ:
Ազգային ժողովում երեկ մեկնարկել է քառօրյա նստաշրջանը, սակայն քվորում չապահովվեց և նիստը չկայացավ: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն երեկ գրանցվել էր 26 պատգամավոր։
Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:










