Տասնյակ միլիոնավոր դոլարները, որ գողացել են ժողովրդից, պետք է վերադարձվեն, դրանց միջոցով պետք է աշխատատեղեր ստեղծենք. «Սասնա Ծռերի» քարոզարշավը՝ Դիլիջանում (տեսանյութ)

16:13 • 05.12.18

Քարոզարշավի 10-րդ օրը «Սասնա Ծռեր» կուսակցությունն այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաք, որտեղ նրանց երաժշտությամբ, աղ ու հացով են դիմավորել։

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ հիմա հայ ժողովուրդը հասել է մի հանգրվանի, որ կարողանալու է կերտել իր երազածը։

«Կամաց-կամաց կառուցելու ենք, անցած 25 տարին շատ բարդ էր, ինչո՞ւ չէ, նաև դաժան էր, բայց կարևորն այն է, որ դիմացանք ու հաղթահարեցինք այդ դժվարությունը։ Այո, կորուստը մեծ էր, քանի որ մեր ժողովուրդը գրեթե կիսվել է, սպիտակ ցեղասպանության ենք ենթարկվել նախորդ 20-25 տարվա ընթացքում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Համամասնական ցուցակի 3-րդ համար Գարեգին Չուգասզյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հայտարարեց, որ կարևոր է 2-րդ բևեռի ազնիվ ու պրոֆեսիոնալ լինելը։ Նա նաև հորդորեց չհավատալ ՀՀԿ-ի՝ ընդդիմություն լինելու հայտարարություններին։

«Մենք հեծանիվ հայտնաբերելու խնդիր չունենք։ Երբ ժողովուրդը դուրս է գալիս ռիսկային խնդիրներ լուծելու, երբ դժվար որոշում կայացնելու խնդիր է ունենում, լարախաղացի նման փայտն այս ու այն կողմ տանելով լարն անցնում է։ Լարախաղացի փայտն էլ 2 բևեռ ունի, քանի որ ոչ մի տեղ մեկ բևեռով խնդիրը չի լուծվում, հաջողություն չեն ունենու։ Հիմա ՀՀԿ-ն «մեյդան է ընկել» ու երեսպաշտորեն  ուզում են իրենց ներկայացնել որպես փայտի մյուս բևեռ, բայց իրենք կեղծ են, ընդդիմություն չեն իրենք, այլ ուրիշների՝ «Գազպրոմի» շահերն են ներկայացնում, իրենք չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը։ Մի բևեռ կա՝ Նիկոլ Փաշինյանի թիմը, որովհետև իրենք հեղափոխություն են արել, բայց մյուս բևեռի տակ իրենց փորձում են ներկայացնել «Մարտի 1-ի» կոալիցիան, ՀՀԿ սպասավորները, իսկ նրանք  չեն կարող 2-րդ բևեռ ստեղծել»,- շեշտեց նա՝ հայտարարելով, որ սպասում են ժողովրդի աջակցությանը։

«Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի 7-րդ համար Պետրոս Մակեյանն էլ հավելեց, որ իրենք գալիս են՝ անցումային արդարադատության միջոցով ջրի երես հանելու նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի գողացածը։

«Մենք գալիս ենք՝ ջրի երես հանելու այն փողերը, որ ժողովրդից տարել են այդ հրեշները։ Այդ տասնյակ միլիոնավոր դոլարները, որ գողացել են ժողովրդից, պետք է ժողովրդին վերադարձվեն, դրանց միջոցով մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք։ Երբ «Սասնա Ծռերը» հայտնվեն ԱԺ-ում, այդ խնդիրներին լուծում կտրվեն»,- շարունակեց Պետրոս Մակեյանը։

Քարոզարշավին միացած Արա Պապյանն էլ գտնում է, որ ՀՀ-ի  համար վճռական պահ է, քանի որ ընտրվելու է խորհրդարան, որն ի վերջո մեծապես արտացոլելու է մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները։

«Ազգային ժողովը պարզապես ժողով չէ, անունը հուշում է, որ նրանք ազգի իղձն ու շահը պետք է ներկայացնեն։ Մեր հայրենիքի ապագան ընթանում է ԱԺ մայրուղով. այստեղ մեծ դերակատարում ունեն «Սասնա Ծռերի»-ի անդամները, որոնք ցույց են տվել, որ հավատարիմ են իրենց գաղափարներին»,- հավելեց Արա Պապյանը։

Ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ իրենց կուսակցության համար առաջնային խնդիրներից մեկը պաշտպանության ու անվտանգության խնդիրն է։

«Մենք ունենք մեր պատկերացումներն անվտանգային պաշտպանության համակարգի հետ կապված, որն ունակ է համախմբելու, կատարելագործելու, ինչն է՛լ ավելի մեծ հնարավորություն կտա պետության անվտանգային պաշտպանության ռեսուրսը մեծացնելու»,- ընդգծեց Ավետիսյանը։