Chanel-ը որոշել է հրաժարվել կենդանիների մորթուց և կաշվից
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը որոշել է իր արտադրանքում այլևս չօգտագործել էկզոտիկ կենդանիների կաշին ու մորթին: Այդ մասին հայտնել է Chanel-ի fashion-ուղղության նախագահ Բրունո Պավլովսկին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ ընկերությունը կդադարի օգտագործել, մասնավորապես, կոկորդիլոսի, մողեսների, օձերի ու կատվաձկների կաշին: Ինչ վերաբերում է կենդանական մորթուն՝ այն Chanel-ը գրեթե չէր էլ օգտագործում:
Ըստ Պավլովսկիի՝ որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ այժմ շատ բարդ է գտնել կաշի, որը կհամապատասխանի ընկերության որակին ու էթիկային: Նա նաև նշել է, որ նորաձևության տունն այսուհետ կկենտրոնանա տեքստիլի ու արհեստական կաշվից արտադրանքի վրա: Իսկ էկզոտիկ կենդանիների կաշվից արտադրանքը միանգամից չի վերանա ընկերության խանութներից, դրա համար «որոշակի ժամանակ կպահանջվի»:
Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդն իր հերթին հայտնել է, որ կենդանիների կաշվից հրաժարվելն իրենց ազատ որոշումն է և պարտադրված չէ:










