Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ

12:08 • 05.12.18

Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյը նամակ է հղել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսին և կոչ արել ԱՄՆ-ին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ուկրաինացի նավաստիների կալանավորման համար, գրում է gazeta.ru-ն:

Հայտնի է, որ Պարուբիյն ուկրաինական խորհրդարանի անունից կոչ է արել ԱՄՆ սենատին վճռական գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու և արդեն գործող պատժամիջոցներն ամբողջությամբ ի կատար ածելու համար:

Նշվում է, որ Գերագույն ռադայի նախագահն առաջարկել է էներգետիկ ու ֆինանսական նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: 

Ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: