Ժամանակն է, որ օտար սահմանապահները հեռանան մեր երկրից. «Սասնա Ծռեր»-ի քարոզարշավը՝ Կապանում (տեսանյութ)
Ազգային ժողով մտնելով՝ մենք արդեն իշխանություն ենք՝ անկախ նրանից՝ կառավարության մաս կկազմենք, թե կլինենք ընդդիմություն: Խորհրդարան ուղարկելով՝ ժողովուրդն արդեն տարբեր քաղաքական ուժերի լիազորում է այդ մանդատը: Այս մասին Կապանում անցկացրած քարոզարշավի ժամանակ նշեց «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա վստահեցրեց, որ իրենց ներկայությամբ այլևս որևէ մեկը չի փորձի թալանել երկիրը և ժողովրդին:
Խոսելով անվտանգության խնդիրներից՝ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ հայկական բանակը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի՝ կանխելու հնարավոր հետևանքները: «Շատերը փորձում են մեզ անվանել պատերազմի կուսակցություն, ուղիղ հակառակը, մեր նման ուժ ունենալով խորհրդարանում՝ երկիրն օր առաջ կանխելու է պատերազմը»,- ընդգծեց նա:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ «Սասնա Ծռեր»-ի գլխավոր նպատակն Արցախը դե յուրե Հայաստանին միացնելն է: «Ժամանակն է, որ օտար սահմանապահները մեր երկրից հեռանան, եկել է արժանապատիվ կեցվածք որդեգրելու ժամանակը: Մեր տուն մտնողին մենք պետք է ստուգենք, օտարն իրավունք չունի ստուգելու: Իրանի հետ սերտ հարաբերություններ ենք հաստատելու, և որևէ օտար պետության ներկայացուցիչ իրավունք չունի կանգնելու Հայաստանի և Իրանի միջև»- ասաց նա:
Եզրափակելով խոսքը՝ Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ դեկտեմբերի 9-ին Սյունիքում «Սասնա Ծռեր» կուսակցությունը քվեների բարձր տոկոս է ստանալու:










