Վրաստանում ձերբակալված ուկրաինացիները հացադուլ են հայտարարել

12:01 • 05.12.18

Դեկտեմբերի 2-ին Թբիլիսիում զենքի ապօրինի պահման համար ձերբակալված վեց ուկրաինացիներն ու Վրաստանի մեկ քաղաքացին երեքշաբթի ի նշան բողոքի հացադուլ են հայտարարել: Այդ մասին, ինչպես գրում է apsny.ge-ն, լրագրողներին հայտնել է ձերբակալվածների փաստաբան Գեորգի Ռոստոմաշվիլին:


Փաստաբանի խոսքով՝ ձերբակալվածները համաձայն չեն իրենց ներկայացված մեղադրանքների հետ: Երեքշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց կալանքի տակ թողնելու որոշում է կայացրել:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաբանները փորձում էին գրավի դիմաց հասնել նրանց ազատ արձակմանը, սակայն դատավորը համաձայնել է դատախազության հետ, որ ձերբակալվածներն ազատ արձակվելուց հետո կարող են փորձել թաքնվել, կամ նոր հանցագործություն իրականացնել:


Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում հատուկ գործողություն էր իրականացրել և ձերբակալել Ուկրաինայի 6 և Վրաստանի 1 քաղաքացու: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով՝ մի խումբ անձանց կողմից հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման և պահման վերաբերյալ:


Գերատեսչությունից հայտնել են, որ ուկրաինացիները Վրաստան են ժամանել նոյեմբերի 27-ին, և այժմ քննությունը պարզում է նրանց այցի հստակ նպատակները՝ ներառյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների հետ նրանց հնարավոր կապը: