«Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը սխալական է». Թրամփը մեկնաբանել է փարիզյան բողոքի ակցիաները

12:59 • 05.12.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ֆրանսիայում բենզինի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներն ու զանգվածային անկարգությունները:

Twitter-ի իր պաշտոնական էջում Թրամփը նշել է, որ տեղի ունեցածն ապացուցում է, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ 2015 թվականին կնքված փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը միանշանակ ճիշտ էր:

Հիշեցնենք, որ Թրամփի նախաձեռնությամբ ԱՄՆ-ն լքել է փարիզյան համաձայնագիրը, նրա այս քայլը լուրջ քննադատությունների տեղիք էր տվել:

«Ես ուրախ եմ, որ իմ ընկեր (Ֆրանսիայի նախագահ) Էմանուել Մակրոնն ու ցուցարարները Փարիզում համաձայնել են այն եզրահանգման հետ, որը ես արել էի դեռևս 2 տարի առաջ: Փարիզյան համաձայնագիրը բացառապես սխալական է, որովհետև այն բարձրացնում է պատասխանատու երկրների համար վառելիքի գինը...»,-գրել է նա:

Նախագահը նաև նշել է, որ իրեն հաջողվել է հասնել ԱՄՆ-ում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, և չի ցանկանում ամերիկացի ժողովրդի վրա բարդել այլ երկրների շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ծախսերը:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաներին, փողոցային անկարգություններին վերջ տալու նպատակով հայտարարել է վառելիքի ծրագրված թանկացումը մի քանի ամսով հետաձգելու մասին: