ԱՄՆ-ում Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայում կայանալիք ընտրություններին միջամտելու փորձերի համար
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը «բարձր մակարդակով» միջամտում է Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին, գրում է ria.ru-ն:
«Մենք Ուկրաինայում (2019 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին) ռուսական միջամտության շատ բարձր մակարդակի աճ ենք նկատում», - ասել է պաշտոնյան, որի անունը չի բացահայտվում:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն ամեն կերպ փորձում է աջակցել Ուկրաինային այս հարցում, այդ թվում՝ կիբեռանվտանգության հետ կապված խնդիրների շուրջ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է միջամտել մյուս տարի Ուկրաինայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին՝ փորձելով ազդել դրանց արդյունքների վրա:
Նախագահը նշել էր, որ իրենք պետք է պատրաստ լինեն դիմագրավել տարբեր կիբեռհարձակումներին ու «ֆեյք» նորություններին:










