Յանուկովիչը կարող է բուժման նպատակով Իսրայել տեղափոխվել

10:52 • 05.12.18

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է լքել Ռուսաստանի տարածքն ու բուժման նպատակով մեկնել Իսրայել, այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին Facebook-ի իր էջում:

Նշենք, որ նոյեմբերին Յանուկովիչը հոսպիտալացվել էր Մոսկվայում՝ մարզումների ժամանակ ստացած ողնաշարի ու ոտքի վնասվածքով:

Փաստաբանը, մեջբերելով իսրայելցի հայտնի բժիշկներից մեկի եզրակացությունը, հայտնել է, որ վնասվածքը լուրջ է, և Ուկրաինայի նախկին նախագահին կարող է անհրաժեշտ լինել նույնիսկ մի քանի վիրահատական միջամտություն: Բժշկի խոսքով՝ վերջնական որոշման կայացման համար Յանուկովիչին անհրաժեշտ են դեռ լրացուցիչ հետազոտություններ:

Միևնույն ժամանակ նախկին նախագահի փաստաբանը նշել է, որ իրավասու չէ բացահայտել նրա ախտորոշումն ու այն բժշկական հաստատության անունը, որում, ամենայն հավանականությամբ, բուժում կստանա Յանուկովիչը:

Գորոշինսկին ուկրաինական դատարանին է ներկայացրել բժշկական եզրակացությունն այն մասին, որ նախկին նախագահը, որը Ուկրաինայում մեղադրվում է պետական դավաճանության համար, չի կարող ինքնուրույն շարժվել ու հետևաբար՝ նաև ներկայանալ դատարան: Դատական խորհուրդը Յանուկովիչին վերջին խոսքով հանդես գալու հնարավորություն է տվել դեկտեմբերի 5-ին՝ նստած կամ պառկած լինելով օրթոպեդիկ հիվանդանոցային մահճակալի վրա: