Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկն էլ դա նկարահանել է. հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը. Շարմազանով

11:15 • 06.12.18

Քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:

Սյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ պատգամավորության թեկնածու, Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Էդուարդ Շարմազանովը։

«Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել՝ իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:

Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ և հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:

Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնա՛յք, թուլացե՛ք և խորը շունչ քաշեք»,– գրել է Շարմազանովը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Tert.am-ին տեղեկացրին, որ Էդուարդ Շարմազանովի գրառումն ուղարկվել է ոստիկանություն: 

«Հրապարակումն ուղարկվել է Լոռու մարզային վարչության պետին՝ ստուգողական գործողություններ իրականացնելու»,– ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: