Հնդկաստանում 107 տարեկանում մահացել է YouTube-ի ամենատարեց բլոգերը

01:51 • 06.12.18

Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում 107 տարեկանում կյանքից հեռացել է YouTube-ի ամենատարեց բլոգերը՝ Մաստանամմա անունով տատիկը: Ինչպես գրում է Life.ru-ն, տարեց կինն իր Country Foods YouTube-յան ալիքը բացել էր երկու տարի առաջ՝ ծոռի և վերջինիս ընկերոջ խորհրդով, և շատ կարճ ժամանակում իր պարզությամբ ու յուրահատուկ բաղադրատոմսերով գրավել է միլիոնավոր օգտատերերի սրտերը:

Մի քանի ամիս առաջ երկրպագուներին անհանգստացրել է այն փաստը, որ Մաստանամման այլևս տեսանյութեր չի հրապարակում, իսկ այժմ հայտնի է դարձել, որ տարեց բլոգերը մահացել է հիվանդության դեմ պայքարից հետո:

Իր տեսանյութերում Մաստանամման պատմում էր տասյակ յուրահատուկ ճաշատեսակների պատրաստման գաղտնիքները՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է համեղ ուտեստ պատրաստել միայն դանակի, պարզ սպասքի և խարույկի օգնությամբ: Ընդ որում՝ նրա պատրաստած ուտեստներն անգամ մատուցվում էին ավանդական եղանակով՝ բանանի տերևների վրա:

Մաստանամմայի ծոռի խոսքով՝ սկզբում իրենք տեսանյութերը նկարահանում էին զուտ հաճույքի համար, սակայն շատ կարճ ժամանակում Country Foods-ը սիրվեց ու բավական հայտնի դարձավ: «Քաղաքներում ապրող մարդիկ մոռանում են սննդի պատրաստման ավանդական եղանակի մասին: Ես ուզում էի ցույց տալ, թե ինչպես էին նախկինում պատրաստում, և փնտրում էի համապատասխան մարդուն: Այդ ժամանակ ես մտածեցի Մաստանամմա տատիկի մասին», - ասել է նա:

Հանդիսատեսին դուր էին գալիս ոչ միայն տատիկի բաղադրատոմսերը, այլև ինքը Մաստանամման, որն ի տարբերություն այլ բլոգերների չէր փորձում ուշադրություն գրավել, այլ պարզապես ապրում էր իր հասարակ կյանքով: Country Foods-ն այժմ ունի 1.2 միլիոն հետևորդ և ավելի քան 200 միլիոն դիտում: