Բացի իմ հայտնած հրապարակային պարտավորություններից ես ուրիշ պարտավորություն չունեմ. Նիկոլ Փաշինյանը՝ ԼԳԲՏ համայնքի առաջ պարտավորություն ունենալու մասին. բանավեճ

02:48 • 06.12.18

Սև-սպիտակը մեր ընտրությունը չի լինի, մերժում ենք սև-սպիտակի բաժանումը, մենք կարծում ենք, որ հասարաությանը սև-սպիտակի կարող են բաժանել ֆաշիստները, մենք սև-սպիտակը էպատաժի տեսքով վերադարձրինք ձեզ, որովհետև դա ձեր և քաղաքապետի ձեր թեկնածուի առաջադրած կեղծ օրակարգն էր, ձեզ դա հարմար էր, մենք չկայինք այդ ընտություններում, դուք զգացիք, որ բարիկադները ձեզ կոմֆորտ են, բարիկադը խոսքով չեն քանդում, դա քանդելու համար պետք է սովորել կամուրջ կառուցել, իսկ դա շատ ավելի բարդ գործ է:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ ընտրություններին մասնակցող 11 ուժերի առաջնորդների քաղաքական բանավեճի ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ խոսքն ուղղելով «Իմ քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

«Ես կարծում եմ դուք անարդար վարվեցիք չընդունելով բանավեճի իմ հրավերը, որովետև ձեր ողջ քարոզարշավը կառուցված էր ՀՀԿ-ին փնովելու վրա, ես ձեզ ասացի՝ ձեր ընտարծ ժամանակում կարող ենք հանդիպել, դուք դեռ ունեք ժամանակ ընդունելու իմ հրավերը, ես պատրաստ եմ ձևաչափը գտնել», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը չի ընդունել իր բանավեճի հրավերը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը մասնակցում է բանավեճին, ինչը Հանրայինում ընդգծվեց, որ բացառիկ է. «Ես համարում եմ, որ ընդունել որևէ մասնակից ուժի առանձին հրավերն անահարգալից կլինի մեկ այլ ուժի նկատմամբ»:

Անդրադառնալով մամուլի ու սոցիալական ցանցերի ազատությանը՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ համացանցում հայհոյում են և ջահել աղջիկը հայհոյանք է գրում, ինչին հակադարձելով Փաշինյանն ասաց՝ դա ՀՀԿ-ի բացած ֆեյքերն են: «Ֆեյքերն էս երկրում դուք եք բացել», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը բանավեճի փուլում հարց ուղղեց Փաշինյանին՝ նշելով, որ ունեցել են իրավիճակ, երբ Վեհարանի աշխատանքն ընդհատել են, երբ Վեհափառին փողոցում շրջափակել են, եղել է իրավիճակ, երբ հայ եկեղեցու պատմությունը դպրոցում դարձել է ամենախանգարող առարկան, կա իրավիճակ, երբ իշխող կուսակցության հիմնադրամում, ներգրավված է ԼԳԲՏ համայնքի երկու ներկայացուցիչ. «Հարցս, պարտավորություն ունե՞ք այդ երկու ակտիվիստների նկատամամբ ձեր օգտին փող հավաքելու համար և երկրորդը՝ ազգային արժեքնե՞րն են ավելի կարևոր, թե՞ ժողովրդավարական լիբերալիզմը»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում ազգային արժեքները միշտ եղել են կարևոր և լինելու են կարևոր. «Էդ ինչի մասին եք խոսում, երբ ասում եք՝ հայ առաքելական եկեղեցու պատմությունը դարձավ ամենախանգարող առարկան, ո՞վ է նման բան ասել:

Ինչ վերաբերում է ՔՊ հիմնադիր հոգեբարձուների խորհրդի անդամներին՝ նրանք ՀՀ քաղաքացիներ են: Այն մարդը, ում մասին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ է, չորս երեխաների մայր է: Ձեր իշախնության տարիներին առաջին անգամ ՀՀ-ում ցուցակ է եղել սեռական այլ կողմնորոշում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների, և դուք այդ իշխանության մարդն եք, և ձեր կառավարության անդամները հայտնի են որպես Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ»:

Արձագանքելով Վիգեն Սարգսյանն ասաց, որ Փաշինյանը «սեքսիստ» հայտարարություններ է անում. «Դուք «սեքսիստ» հայտարարություն արեցիք: ԼԳԲՏ համայնքն ունի այն բոլոր իրավունքները, ինչ մնացածը: Մարդուն չի կարելի դատել իր կողմնորոշմամբ: Դուք քաղաքացիներին բաժանեցիք կատեգորիաների, ես ձեզ այլ բան եմ ասում. այդ կանայք, ես իրենց չեմ ճանաչում, կարող է շատ լավ ընտանիքի մայր են, իրենց էջերն են ասում, որ այդ համայնքի աջակից են, ակտիվիստ են: Ես հարցնում եմ՝ պարտավորություն ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ունե՞ք, թե՞ չունեք»:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը նշեց, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ունեն այն իրավունքները, ինչ ՀՀ բոլոր քաղաքացիները, և իր նշած կանայք ևս ասում են նույն բանը. «Գոյություն ունի սիլլոֆիզմ. նրանք էլ են ասում նույն բանը, ինչ նոր ասաց Վիգեն Սարգսյանը: Նա այդ կանանց անվանում է ԼԳԲՏ ակտիվիստ, հետևաբար՝ Վիգեն Սարգսյանը ԼԳԲՏ ակտիվիստ է: Ես ունեմ պարտավորություն ՀՀ քաղաքացիների առաջ, բացի այն հրապարակային պարտավորություններից ես ուրիշ պարտավորություն չունեմ»:

«Դուք տանը ակվարիում ունե՞ք»,- ասաց Վիգեն Սարգսյանը և նշեց, որ Փաշինյանը բարդացրեց իր պարզ հարցը: