Իտալիայի արտգործնախարարը կոչ է արել աջակցություն ցուցաբերել այն երկրներին, որտեղից գալիս են ներգաղթյալները
ԵԱՀԿ երկրները պետք է օգնեն այն երկրներին, որտեղից գալիս են ներգաղթյալները: Այդ մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո Միլանեզին՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն:
Իտալիայի Միլան քաղաքում այսօր տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
«Մենք բոլորս միասին պետք է ապահովենք կայունությունը Միջերկրական ծովում, կառավարենք խոշոր միգրացիոն հոսքերը, որոնց կողմից ծովն անցնելն ուղեկցվում է հսկայական մարդկային ողբերգություններով: Այն պետք է դառնա ոչ թե հուսահատության, այլ, ընդհակառակը, միասնության և փոխադարձ աջակցության ծով»,- իր ելույթում ասել է Մոավերո Միլանեզին:
Նա կոչ է արել ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներին համագործակցել երկրների հետ, որտեղից մեծ թվով ներգաղթյալներ են գալիս: Ըստ նրա՝ նրանք տառապում են պատերազմի և սոցիալական ու տնտեսական դժվարությունների պատճառով:
«Միասին մենք կարող ենք ավելին անել: Մենք պետք է օգնության ձեռք մեկնենք դժվարության մեջ գտնվող երկրներին», - ընդգծել է նախարարը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարվա 11 ամիսների ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 107 588 ներգաղթյալ և փախստական, ընդ որում՝ ճանապարհին 2133-ը զոհվել է: Ամենաշատ ներգաղթյալներին ընդունել է Իսպանիան՝ 52 678 հոգի, այնուհետև Հունաստանը, Իտալիան, Մալթան, Կիպրոսը:










