Իսրայելը մոտ 10 երկրի հետ քննարկում է դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու հարցը

13:31 • 06.12.18

Իսրայելը բանակցություններ է վարում մոտ 10 երկրների՝ այդ թվում նախկին ԽՍՀՄ մի քանի երկրի հետ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Իսրայելի Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինը:


«Դեռ մի շարք երկրներ կան, որոնք Իսրայելի հետ բանակցում են դեսպանատների հնարավոր տեղափոխման շուրջ, որքանով հիշում եմ՝ մոտ տասն են», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հրաժարվելով կոնկրետ անուններ տալուց:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո մեկ տարվա ընթացքում Երուսաղեմում բացվել են Միացյալ Նահանգների և Գվատեմալայի դեսպանատները:


Աշխարհի մնացած մասը շարունակում է Երուսաղեմի կարգավիճակը դիտարկել որպես պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի պատերազմող կողմերի միջև համաձայնության հիման վրա, իսկ քանի դեռ դա չի կատարվել, երկրներն իրենց դեսպանատները Թել Ավիվում են պահում:


Աշխարհն անեքսիան չի ճանաչում և Արևելյան Երուսաղեմը, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափը օկուպացված տարածքների թվին է դասում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947թ.-ի թիվ 181 բանաձևով Երուսաղեմը սահմանվում է որպես «առանձին միավոր» (corpus separatum) `ՄԱԿ-ի ներքո հատուկ միջազգային ռեժիմով:


1967թ.-ի յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում Իսրայելը բաժանել էր Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնել միավորված Երուսաղեմում իր գերակայության մասին: 1980 թ.-ին Երուսաղեմի մասին օրենքով Իսրայելը Երուսաղեմն իր միակ և անբաժանելի մայրաքաղաք է հայտարարել: