ԱՄՆ-ում ուսուցչուհին երեխաներին ասել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի, և հեռացվել աշխատանքից
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի դպրոցներից մեկի ուսուցչուհուն ազատել են աշխատանքից, երբ նա հայտնել է առաջին դասարանցի երեխաներին, որ Սանտա Կլաուսն իրականում գոյություն չունի և մարդկանց երևակայության արդյունքն է, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինը նաև հայտնել է երեխաներին, որ ատամը վերցնող փերիները, զատկական ճագարներն ու էլֆերը նույնպես գոյություն չունեն: Նման խոսքերից հետո շատ երեխաներ արցունքներն աչքերին դուրս են եկել դասասենյակից:
Դպրոցի տնօրենն ընդգծել է, որ ուսուցչի հայտարարությունը վերացնում է երեխաների հավատը սուրբծննդյան հրաշքի նկատմամբ, ինչն անթույլատրելի է:










