ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում է պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը (ուղիղ)

11:08 • 07.12.18

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը, սակայն քվորում չի ապահովվում: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի  համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: 

Քվորում չի ապահովվում երկուշաբթի օրվանից արդեն 5-րդ անգամ:

Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում:  Դատախազությունից հայտնում են, որ  քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: