ԵՏՀ խորհուրդը տեխնիկական կանոնակարգ է ընդունել ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» կանոնակարգը:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտին
լրագրողներին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ընդունվել է ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը: Փոխզիջումային պայամանավորվածութուններ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, ինչ ներկայացրել է հանձնաժողովը, այն էլ ընդունվել է»,- ասել է Սարգսյանը:
«Տեխնիկական կանոնակարգը հաստատում է ԵԱՏՄ երկրներում կիրառման և իրագործման համար պարտադիր պահանջներն ալկոհոլի արտադրման, պահպանման, տեղափոխման, իրացման և վերացման գործընթացների անվտանգության վերաբերյալ: Անդամ պետությունները կապահովեն իրենց տարածքներում ալկոհոլային ապրանքների շրջանառությունն առանց հավելյալ պահանջների՝ տեխնիկական կանոնակարգում առկա դրույթներից բացի», - ասվում է ԵՏՀ-ի կայքում:
Սարգսյանի խոսքով՝ կանոնակարգի գործունեությունը չի տարածվի ԵԱՏՄ երկրների տարածքով տարանցիկ անցնող ալկոհոլի վրա: Կանոնակարգին ենթակա չեն նաև անհատ ֆիզիկական անձանց կողմից պատրաստվող ալկոհոլային ըմպելիքները՝ նախատեսված անձնական օգտագործման համար:










