Թրամփը Fox News-ի նախկին հաղորդավարուհուն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան կնշանակի. լրատվամիջոցներ

10:23 • 07.12.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտնել է քաջատեղյակ աղբյուրը՝ մանրամասնելով, որ նախագահն ուրբաթ առավոտյան համապատասխան թվիթերյան գրառմամբ կտեղեկացնի իր որոշման մասին:

Հատկանշական է, որ տարբեր քաջատեղյակ աղբյուրների հղումով նույն տեղեկությունն են հրապարակել նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Reuters-ը, Bloomberg-ն ու Fox News-ը:

Հայտնի է, որ նշանակվելու դեպքում, Նոյերթն այդ պաշտոնում կփոխարինի հոկտեմբերին իր հրաժարականի մասին հայտարարած Նիքի Հեյլիին:

Նշվում է, որ Նոյերթը քաղաքականության ոլորտում փորձառություն չունի, նախկինում որպես հաղորդավար է աշխատել Fox News–ում: Նրա թեկնածությունը դեռևս պետք է հաստատի Սենատը: