«Դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ երկիրն անցնում է «ինքնության խորը ճգնաժամի» միջով. ֆրանսիացի նախարար
Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները ցույց են տալիս, որ երկիրն անցնում է «ինքնության խորը ճգնաժամի» միջով, որը հետևանք է մեծ քաղաքների ու արվարձանների միջև շուրջ 30 տարվա սոցիալական անհավասարության, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պետական հաշիվների նախարար Ժերալդ Դարմանենը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարը նշել է, որ այս ճգնաժամն ինքն անվանել է «ճգնաժամ 30»:
«Այդ ճգնաժամը տարածվել է հիմնականում նրանց վրա, ովքեր ապրում են մեծ քաղաքներից 30 կմ հեռավորության վրա, և հանդիսանում է տարածքային ու սոցիալական շուրջ 30 տարվա անհավասարության արդյունք: Խոսքը ոչ միայն հարկային քաղաքականության հետ կապված դժգոհությունների մասին է, այլև ինքնության ճգնաժամի», - ասել է Դարմանենը:
Նա նաև զգուշացրել է, որ երկիրը կարող է ենթարկվել «ազգային պառակտման», իսկ «դեղին անթև բաճկոնների» շարժումը կարող է վերածվել իտալական «5 աստղերի շարժման» ագրեսիվ տարբերակի, եթե կոնֆլիկտի բոլոր կողմերը պատասխանատվություն չդրսևորեն:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաներին, փողոցային անկարգություններին վերջ տալու նպատակով հայտարարել է վառելիքի ծրագրված թանկացումը մի քանի ամսով հետաձգելու մասին:
Դեկտեմբերի 8-ին ցուցարարները նոր բողոքի ակցիա են ծրագրել:










