Հազարավոր ամերիկացիներ հավաքվել են երկաթգծի երկայնքով ու ծափահարություններով ճանապարհել Բուշ ավագի դին տեղափոխող գնացքը (լուսանկարներ, տեսանյութ)
Հազարավոր ամերիկացիներ, շատերը՝ երկրի պետական դրոշը ձեռքում պահած, հավաքվել են երկաթգծի երկայնքով ու ծափահարություններով ճանապարհել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի դին տեղափոխող հատուկ գնացքը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գնացքը հանգուցյալին տեղափոխել է Տեխաս, որտեղ էլ ավելի ուշ տեղի է ունեցել հուղարկավորության արարողությունը:
Մինչ գնացքը շարժվել է քաղաքից քաղաք, երկաթգծի մոտ են հավաքվել տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Ոմանք 41-րդ նախագահին ուղղված երախտագիտության խոսքերով պաստառներ են պարզել:
«Շնորհակալ եմ 41-րդ նախագահի վերջին ուղևորությունն այսքան առանձնահատուկ դարձնելու համար»,-ինստագրամյան գրառում է արել նրա որդին՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը ևս գնացքում է եղել:
Նախկին նախագահին հուղարկավորել են Տեխասի Քոլեջ Սթեյշն քաղաքի համալսարանի նախագահական գրադարանի տարածքում, որը նրա պատվին է անվանակոչված:
Հիշեցնենք, որ Բուշ ավագը մահացել է 94 տարեկանում: Նախօրեին տեղի է ունեցել հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են եղել ԱՄՆ գործող և նախկին նախագահները:



























