Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. պաշտպան (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:
«Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` նշելով, որ այդ որոշման հիման վրա կալանավորվելու է:
Նա հավելեց, որ մեկնաբանությունները կտան այսօր՝ ժամը 18:00-ին:
Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ ասաց, որ սա աննախադեպ էր, և Վերաքննիչ դատարանի համար չարյաց փոքրագույնը կլիներ դիմել Սահմանադրական դատարան անձեռնմխելիության հարցով:
Պաշտպանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը նսիտին ներկա չի եղել. «Բայց Ռոբերտ Քոչարյանը խուսափող չէ և երբեք չի փորձել խուսափել և երբեք չի արել այնպիսի բաներ, որոնք թույլ կտային քննչական խմբի ղեկավարին հայտարարել, թե նա կխուսափի, հառակակ գործողություններ Ռոբերտ Քոչարյանն արել է»:
Հարցին, թե ինչպես է լինելու կալանավորման գործընթացը, Ռուբեն Սահակյանն ասաց. «Կա՛մ կներկայանան և կհայտնեն, որ գնա մեկուսարան, կա՛մ չեմ կարծում, որ ՀՔԾ վայրկյան անգամ բաց թողնի: Մյուս օրը ընտրություն է, այսօր վերջին օրն է, ամեն ինչ պետք է հասցնել, ընտրեք թիվ 4-ին, բայց ես չեմ ընտրի»:
Մեղադրող դատախազներից Վահագն Մուրադյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց վրա ճնշում չի գործադրվել, իրենք գործել են օրենքի շրջանակներում:
Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր, և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27-ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:
Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։










