Որքանով տեղյակ եմ, ՀԱՊԿ նիստը չի կայացել. կազմակերպության մամուլի քարտուղար
Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ նիստը, որքանով տեղյակ եմ, չի կայացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Որքանով տեղյակ եմ, նիստը չի կայացել: Այն մասին, որ նիստը տեղի չի ունենա, նախօրեին հայտնել էին թե՛ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը, թե՛ հայկական կողմը»,- ասաց Վլադիմիր Զայնետդինովը:
Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՀ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարել էր, որ գործնականում հաջողվել է լուծել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը՝ նշելով, որ այդ պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:
Այնինչ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտարարել էր, որ երեկ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:
«Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը:










