«Հոգ տարեք Փարիզի մասին». Փարիզի քաղաքապետը խնդրել է բողոքի ակցիայի մասնակիցներին անկարգություններ չանել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կոչ է արել այսօր սպասվող «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ հանգստություն և զգուշություն դրսևորել:
«Կոչ եմ անում հանգստություն և հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ», - ասել է քաղաքապետը BFM-TV-ի եթերում:
«Հոգ տարեք Փարիզի մասին, քանի որ Փարիզը բոլոր ֆրանսիացիներինն է»,- հավելել է Իդալգոն:
Հիշեցնենք, որ այսօր Փարիզում տեղի կունենա բողոքի զանգվածային ակցիա: Իշխանությունները պատրաստվում են 89 000 իրավապահ ու անվտանգության ծառայության աշխատակից տեղակայել ակցիայի շրջանակում հասարակական կարգի պահպանման համար: Այսօր առավոտյան լայնածավալ բողոքի ակցիայի մեկնարկից առաջ արդեն 121 մարդ է ձերբակալվել, 34-ը կալանքի տակ են պահվում:










