Իտալիայի ակումբներից մեկում հրմշտոցի հետևանքով մահացել է 6 մարդ, ևս 60-ը հոսպիտալացվել են (լուսանկարներ, տեսանյութ)

10:00 • 08.12.18

Իտալիայի Անկոնա քաղաքից ոչ հեռու գտնվող ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով 6 մարդ է մահացել, 60-ը հոսպիտալացվել են, գրում է La Repubblica թերթը:


Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ երիտասարդների շրջանում հայտնի Lanterna Azzurra ակումբում՝ իտալացի ռեփեր Sfera Ebbasta-ի ելույթի ժամանակ:


Իրադարձության ընթացքում ինչ-որ մեկն «այրող սփրեյ» է փչել՝ ներկաների մոտ խուճապ առաջացնելով: Դեպքի վայրից դուրս վազելիս էլ առաջացել է հրմշտոցը:


Տեղական ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ պատահարի հետևանքով 6 մարդ է մահացել, մոտ 60-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել, 10-ի վիճակը ծանր է: Մահացածների թվում են հինգ անչափահաս (երեք աղջիկ և երկու տղա) և մեկ կին:


Ականատեսների խոսքով՝ ակումբում մոտ 1000 մարդ է եղել: Դեպքի վայր են մեկնել փրկարարներ մոտակա բնակավայրերից: