Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված ուկրաինացի նավաստիները վիրավոր են եղել. ռուս պաշտոնյա

13:56 • 08.12.18

Կերչի նեղուցում Ուկրաինայի ռազմածովային ուժերի ու ռուս սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված ուկրաինացի նավաստիները վնասվածքներ են ստացել նավի կորպուսի վնասված արտաքին շերտի բեկորներից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչության ղեկավար Միխայիլ Շիշովը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Շիշովն ընդգծել է, որ ծովայինների վնասվածքների բնույթը վկայում է այն մասին, որ դրանք նավի կորպուսի վնասված արտաքին շերտի բեկորների հարվածի հետևանք են, և հրազենային վիրավորման հետքեր նրանց մարմնին առկա չեն:

ՌԴ ԱԴԾ-ից նաև տեղեկացրել են, որ կալանավորված բոլոր 24 ուկրաինացի ծովայիններին արդեն այցելել են Ուկրաինայի դեսպանության հյուպատոսները, նրանց նաև քրեական գործի ընթացակարգին համապատասխան տրամադրվել են փաստաբաններ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:

Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող: