Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված News.am լրատվական կայքի հետ. նախաձեռնված է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված «News.am» լրատվական կայքի հետ. նախաձեռնված է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
«ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները:
Քննարկման ընթացակարգի այս փուլում անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, նրանց գործունեությանը ցանկացած տեսակի միջամտության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո», - ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական կայքը մանրամասներ էր ներկայացրել խմբագրություն ոստիկանության կատարած այցից՝ նշելով, որ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը այցելել է խմբագրություն և պահանջել տրամադրել Էդուարդ Շարմազանովի ուղիղ եթերների սղագրությանը վերաբերող երկու հրապարակման բովանդակությունը հաստատող ապացույցներ: News.am կայքի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։










