ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Դեյր-էլ-Զորում հիվանդանոց է ոչնչացվել
Սիրիական Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով հիվանդանոց է ոչնչացվել, հաղորդում է TACC-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:
Միջադեպի հետևանքով հնարավոր տուժածների կամ զոհերի մասին առայժմ չի հաղորդվել:
Ավելի վաղ SANA գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի ավիահարվածների ժամանակ Հաջինում առնվազն ութ մարդ է մահացել: Գործակալության տվյալներով՝ զոհվածները մի ընտանիքի անդամներ էին:
Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: Հոկտեմբերի 13-ին և 19-ին SANA գործակալությունը հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, ինչից հետո սիրիական իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել մեղավորների նկատմամբ և դուրս բերել կոալիցիոն ուժերը երկրից, որոնց՝ Սիրիայում գտնվելն անօրինական է:
Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններ են ծավալում 2014 թվականից: Ընդ որում՝ նրանք գործում են առանց երկրի իշխանությունների համաձայնության:










