Եղել է խնդիր, բայց ապահովվել է 4-րդ համարի քվեաթերթիկների առկայությունը 22/26 ընտրատեղամասում, քվեարկությունը վերականգնված է. ԿԸՀ իրավաբանական վարչության պետ

11:03 • 09.12.18

Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 ընտրատեղամասում ընտրությունը չի դադարեցվել: Այս մասին լրագրողներին պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, ըստ որի՝ 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան, իսկ 4-րդ համարով ներկայանում է «Իմ քայլը» դաշինքը:

«Պարզվել է, որ եղել է որոշակի խնդիր և ապահովվել է այդ քվեաթերթիկների առկայությունը, քվեարկությունը վերականգնված է, որևէ ընդհատում չի եղել: Չի եղել այնպիսի ընտրող, որը ստանա առանց որևէ քվեաթերթիկի փաթեթ, բոլոր 11 քվեաթերթիկները տրամադրվել են այդ տեղամասում մասնակցած բոլոր ընտրողներին»,-ասաց նա:

Լիլիա Հակոբյանը նշեց, որ տեխնիկական խնդիր է եղել, այդ պահին հանձնաժողովը տեղադրած չի եղել այդ քվեաթերթիկները: «Կապ ենք հաստատել նաև տարածքային հանձնաժողովի հետ, անմիջապես դա ապահովվել է»,-ասաց նա և խնդիրը պայմանավորեց քվեաթերթիկների մեծ ծավալով: Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը նախորդ օրը այդ քվեաթերթիկները պահել էր չհրկիզվող պահարանում։

«Այնպիսի խախտում չի եղել, որ որևէ ընտրողի իրավունք խախտվեր»,-հավելեց նա: