Մեր կամքով ենք եկել ընտրության, Սասուն Միքայելյանը մեզ բազմաթիվ խոստումներ է տվել. Հրազդանի Վանատուր թաղամասում ակտիվ ընտրություններ են
Հրազդանի Վանատուր թաղամասում գտնվող 26/14 ընտրատեղամասում մինչ այս պահն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է 200 ընտրող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լալա Վիրաբյանը:
«Ընտրությունները բավականին ակտիվ են ընթանում, նախորդ տարի ևս այս թաղամասում ակտիվ է եղել, մինչ այս պահը գրանցամատյանում որևէ խախտում արձանագրված չէ, բայց կրկնաքվեարկության դեպք է արձանագրվել, որը պարզաբանվել է. քաղաքացին մեկ անգամ ընտրել է, երկրորդ անգամ գնացել է օգնելու, սակայն նրան կրկին գրանցել են որպես ընտրող: Սարքերի հետ կապված տեխնիկական խնդիրներ չկան»,-ասաց Վիրաբյանը:
Ընտրատեղամաս այցելող քաղաքացիներն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ այս անգամ ընտրության են եկել սեփական կամքով:
««Ատդուշի» եկել ենք ընտրության, մեզ ոչ ոք չի բերել, եկել ենք հանուն մեր թաղամասի բնակիչ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի: Մեծ ակնկալիքներ ունենք, Սասուն Միքայելյանը մեզ բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք, հուսանք, չեն բեկվի»,-ասացին ընտրողները:
Նրանք նաև անդրադարձան քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի կողմից Սասուն Միքայելյանի հայտարարությունները թիրախավորելուն. «Եթե նրա լավ հրամանատար լինելը կասկածի տակ են դնում, թող այդ կասկածի տակ դնողները դա մարտի դաշտում անեին: Այդ կասկածի տակ դնողներն են երկիրն այս օրին հասցրել»-շեշտեց բնակիչներից մեկը:
Բացի այդ, կային նաև քաղաքացիներ, ովքեր եկել էին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու և նշում էին, որ որևէ ակնկալիք չունեն:










