Բուդապեշտում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ նոր «ստրկության օրենքի» (լուսանկարներ)

13:58 • 09.12.18

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում դեկտեմբերի 8-ին հազարավոր հունգարացիներ ցույցի են դուրս եկել աշխատանքի վերաբերյալ նոր օրենքի դեմ, որը քննադատներն անվանում են «ստրկական»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:


Արհմիությունների անդամները և նրանց կողմնակիցները հավաքվել են դրոշների ներքո, որոնց վրա եղել են «Մենք բողոքում ենք ստրկական օրենքի դեմ» և «Ստիպեք ձեր մորն արտաժամյա աշխատել» բովանդակությամբ գրություններ:


Այս շաբաթ խորհրդարան ներկայացված աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները խիստ քննադատությունների են արժանացել, ինչն էլ հանգեցրել է այս տարվա ամենամեծ փողոցային ցույցին:


Ոստիկանությունն արգելափակել է խորհրդարանի գլխավոր հրապարակը, ուր ցուցարարները որոշել էին առաջինը գնալ: Այդ նպատակով նրանք զբաղեցրել էին խորհրդարան տանող գլխավոր փողոցը:


Նոր օրենքները կարող են հունգարացիների միջին աշխատանքային օրը երկարեցնել հավելյալ երկու ժամով կամ շաբաթական լրացուցիչ մեկ աշխատանքային օրով:


Համաձայն առաջարկված օրենքի նախագծի՝ գործատուներին յուրաքանչյուր աշխատողի համար տարվա կտրվածքով հավելյալ 250 ժամվա աշխատանք է երաշխավորվում: Ինչ վերաբերում է մնացած աշխատաժամերին՝ գործատուները ստիպված կլինեն համաձայնության գալ աշխատողների հետ:


Վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հայտարարել է, որ Հունգարիայում աշխատանքային շաբաթը նախկինի պես բաղկացած կլինի հինգ 8-ժամյա օրից, իսկ աշխատողները ցանկացած հավելյալ աշխատաժամի դիմաց կվճարվեն: