Թրամփի փեսան սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանությունից հետո պարբերաբար կապի մեջ է գտնվում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ. The New York Times

10:45 • 09.12.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո պարբերաբար կապի մեջ է գտնվում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդի հետ, այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ գահաժառանգ արքայազնն ու նրա խորհրդականները ժամանակի ընթացքում կապեր են հաստատել Թրամփի փեսայի հետ, նրանք շփվել են անգամ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների միջոցով: Ընդ որում՝ Մուհամադ բին Սալման ալ Սաուդի ու Ջարեդ Քուշների կապը շարունակվել է նաև ընդդիմադիր լրագրողի աղմկահարույց սպանությունից հետո:

Պարբերականը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփի ամուսինը կարող է ենթարկված լինել սաուդյան արքայազնի մանիպուլյացիային ու գործել Սաուդյան Արաբիայի շահերից:


Ավելի վաղ The New York Times-ը հրապարակել էր Խաշոգջիի սպանության վերաբերյալ արված լրագրողական հետաքննության արդյունքները, համաձայն որոնց սպանությունն իրագործել է թագաժառանգի մերձավորներից մի քանիսի ղեկավարած խումբը:

Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Նրան վերջին անգամ տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելիս:

Ավելի ուշ սաուդյան թագավորության իշխանությունները հաստատել էին, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության աշխատակցի հետ վիճաբանության ժամանակ, սակայն նրանք հերքել են թագավորական ընտանիքի առնչությունը սպանությանը:

Օրերս ամերիկացի մի շարք սենատորներ, վերլուծելով Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասփելից սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության սկանդալային դեպքի վերաբերյալ ստացած գաղտնի տեղեկությունները, Սենատ են ներկայացրել բանաձևի նախագիծ, որով պահանջում են պատասխանատվության ենթարկել արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդին՝ համարելով նրան Ջամալ Խաշոգջիի սպանության գլխավոր պատասխանատուն: