Բոլիվիայում բանտից փախել է նարկոբարոն Պաբլո Էսկոբարի հանցակիցը
Բոլիվիայում թմրաբիզնեսով զբաղվող «ծղոտե գլխարկ» մականունով հայտնի Խորխե Ռոկա Սուարեսը փախել է հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել էր բանտից՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Pagina Siete-ին հղումով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Nuevo Dia թերթը՝ Սուարեսը հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի հանցակիցն է եղել:
Սուարեսը վերջին 35 տարիներն անց է կացրել ԱՄՆ-ի բանտերից մեկում: Այս տարի նրան Բոլիվիա են տեղափոխել, որտեղ նա պետք է ևս 15 տարի մնար բանտում:
Հանցավորության դեմ պայքարի հատուկ ուժերի տնօրենի տեղակալ Ֆերնանդո Ռոխասի խոսքով՝ դատարանը Սուարեսին թույլատրել էր ոստիկանության հսկողության ներքո 10 օր մնալ Լա Պաս քաղաքի հիվանդանոցում:
«Ցավոք, պետք է հաստատեմ բանտարկյալի փախուստը: Երեկ երեկոյան նա լքել է հիվանդանոցը, և այժմ չգիտենք, թե որտեղ է», - ասել է Ռոխասը:










