«Հպարտանում եմ իմ հայ քույր-եղբայրներով». Սերժ Թանկյանի գրառումն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

14:42 • 09.12.18

Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Հայաստանում մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ շատ է հպարտանում ընտրություններին մասնակցող հայրենակիցներով:

«Հպարտանում եմ իմ հայ քույր-եղբայրներով, որոնք գնալու են ընտրատեղամասեր ու ժանգոտած, անարդար, կոռումպացված ռեժիմից իրենց ազատելուց հետո, քվեարկելու են նոր խորհրդարանի համար: Ինձ անհանգստացնում է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արմեն Աշոտյանի բողոքը, որ իրենք բավականաչափ ժամանակ չեն ունեցել ընտրություններին նախապատրաստվելու համար՝ չնայած որ երկրի կառավարման ղեկը քսան տարի նրանց ձեռքում է եղել: Ուրախ եմ լսել, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է: Հայ ժողովուրդը ցանկանում է ու արժանի է նախկինում իրագործված անարդարությունների համար արդարության հաստատման: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Թանկյանը:

Երաժիշտը նաև նշել է, որ պաշտոնավարման ընթացքում միլիարդատեր դարձած նախագահները ոչ թե հայրենասեր են, այլ կոռումպացված:

Թանկյանը հավելել է, որ Հայաստանը դեռևս շատ աշխատանք ունի անելու՝ հատկապես տնտեսության ոլորտում:

«Սակայն ամենակարևորն այն է, որ մարդիկ զգոն են ու հավատում են իրենց ուժերին»,- եզրափակել է նա: