Մանվել Գրիգորյանը դուրս եկավ կալանավայրից. նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից (թարմացված)

20:56 • 21.12.18

23:18

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից: Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, նա պատասխանեց. «Շատ լավ»: Այլ հարցերի նա չպատասխանեց, նստեց մեքենան և հեռացավ:

22:48


Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը լրագրողներին հայտնեց, որ Մանվել Գրիգորյանն այս պահին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում է՝ տեխնիկական պատճառներից ելնելով: Ինչ վերաբերում է դատարանի նման որոշմանը, պաշտպանն ասաց, որ ինքն այս հարցում սուբյեկտիվ է, դրական է գնահատում այս որոշումը: «Տրամաբանական, նորմալ դատական ակտ է կայացվել, որը, ըստ իս, վաղուց պետք է կայացված լիներ»,-նկատեց նա: 

Վերջինս վստահ է, որ այս որոշման համար հիմք է եղել նաև իր պաշտպանյալի առողջական վիճակը: «Առողջական վիճակը ծանր է»,-նշեց նա:

20:56

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։  Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, Tert.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ ասելով. «Դեռ ճանապարհին է, տուն չի հասել»:

Նա հավելեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությանը, ապա Նազիկ Ամիրյանն ասաց, որ նույն վիճակում է գտնվում, առողջական վիճակը չի կարգավորվել, ամեն ինչ պարզ կդառնա, երբ տուն կհասնի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նրա խոսքով՝ բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա: Արման Թաթոյանը նաև նշել էր, որ Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցի արդյունքում համապատասխան գրություն են ուղարկել թե իրավապահներին և թե Արդարադատության նախարարություն: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացրել էր: Դատարանը Մարինե Մելքոնյանի նախագահությամբ բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը: 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երրրորդ անգամ էր նրա կալանքի ժամկետը երկարացրել: