ԱՄՆ դեմոկրատները խոստացել են հունվարին «վերսկսել» կառավարության աշխատանքը
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում դեմոկրատների առաջնորդները հայտարարել են, որ «շաթդաունի» պահպանման դեպքում դեմոկրատները հունվարին կքվեարկեն դաշնային կառավարության աշխատանքի վերսկսման օգտին, գրում է ria.ru-ն:
«Եթե նախագահ Դոնալդ Թրամփն ու հանրապետականները որոշեն շարունակել Թրամփի այդ «շաթդաունը», Ներկայացուցիչների պալատում նոր դեմոկրատական մեծամասնությունն արագ կընդունի հունվարին կառավարության աշխատանքի վերականգնման մասին օրինագիծը»,- ասվում է Չաք Շումերի ու Նենսի Փելոսիի համատեղ հայտարարությունում:
Դեմոկրատների կարծիքով՝ «ամերիկացի ժողովրդի առաջ իր պարտավորությունը կատարելու փոխարեն, նախագահ Թրամփը հիստերիա է սարքել ու համոզել հանրապետականներին ամանորյա այս շրջանում երկիրը տանել կործանարար «շաթդաունի»:
«Նախագահ Թրամփն ավելի քան 25 անգամ ասել է, որ ուզում է «շաթդաուն», այժմ նա ստացել է այն, ինչ ցանկանում էր»,- ասել են Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել:
Տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին (երևանյան ժամանակով՝ ժամը 9:00-ին) լրացել է դաշնային կառավարությունը ֆինանսավորող 7 օրենքների գործողության ժամկետը: Առանց ֆինանսավորման են մնացել ԱՄՆ պետքարտուղարությունը, արդարադատության, ներքին անվտանգության, գյուղատնտեսության, տրանսպորտի նախարարությունները, ինչպես նաև այլ գերատեսչություններ: Օրենքով նրանք պետք է զգալի կրճատեն աշխատանքը՝ աշխատակիցների մի մասին ուղարկելով հարկադիր արձակուրդ:
Այս շաբաթ ավելի վաղ կոնգրեսականներն առաջարկել էին մինչև փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջե ընդունել՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին անվտանգության նպատակով Թրամփի պահանջած ավելի քան 5 մլրդ դոլարի: Սակայն Թրամփը հայտարարել է, որ չի ստորագրի բյուջեի նախագիծը՝ առանց սահմանի համար պահանջած գումարի:
Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կատարել են Թրամփի պահանջը և ընդունել լրացուցիչ 5,7 մլրդ դոլարը ներառող բյուջեի նախագիծը: Սակայն Սենատում դեմոկրատները դեմ են արտահայտվել:
Այսպիսով՝ բյուջետային օրինագծի ընդունումը հետաձգվում է առնվազն մինչև կիրակի, կամ, հնարավոր է, անորոշ ժամանակով:
Ստեղծված իրավիճակին իր թվիթերյան էջում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հույս է հայտնել, որ այս իրավիճակը երկար չի տևի:
«Մեր հզոր երկիրը պետք է անվտանգ սահման ունենա»,- գրել է Թրամփը:










