Սանկտ Պետերբուրգում հայ ռեանիմատոլոգը մեղադրվում է անօգնական վիճակում գտնվող երեք հիվանդի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում «Յուվենտա» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ Արմեն Հովհաննիսյանը, որը մեղադրվում է վիրահատությունից հետո անօգնական վիճակում գտնվող երեք հիվանդի հանդեպ սեռական ոտձգությունների համար, կալանավորվել է 2 ամսով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով քաղաքային դատարանների միացյալ մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի քաղաքային վարչության մամուլի ծառայությունը հայտնել էր ռեանիմատոլոգի ձերբակալման մասին: Բժշկական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք անձամբ են դիմել իրավապահ մարմիններին:
Հայտնի է, որ Հովհաննիսյանի համար դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը, նա բանտում կմնա մինչ 2019 թվականի փետրվարի 20-ը:
Նշվում է, որ բժիշկը, օգտվելով վիրահատությունից հետո անզգայացման ազդեցության տակ գտնվող երեք հիվանդների անօգնական վիճակից, սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել նրանցից երկուսի հանդեպ, իսկ երրորդին բռնաբարել է: 58-ամյա ռեանիմատոլոգի գործողություններից տուժածները 1997, 2001 և 2002 թվականներին ծնված աղջիկներ են:










