Փարիզում «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցին այսօր միացել է մոտ 800 մարդ (ուղիղ միացում)

17:23 • 22.12.18

Փարիզում այսօր վերսկսված «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցին միանալու համար փողոց է դուրս եկել մոտ 800 քաղաքացի, այս մասին գրում է France Info-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Հայտնի է, որ բողոքի ակցիաներ են ընթանում ոչ միայն մայրաքաղաքում, այլև Մարսելում, Բորդոյում, Լիոնում և այլուր:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն անվտանգության ապահովման միջոցառումներին ներգրավել է ավելի քան 4000 ոստիկան ու ժանդարմ, որոնցից մոտ 1200-ը ծառայություն կիրականացնեն մայրաքաղաք Փարիզում:

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:

Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:

Բողոքի ցույցին ուղիղ կապով կարող եք հետևել այստեղ: