Նյու Յորքի քաղաքապետը կողմ է մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու գաղափարին

19:05 • 22.12.18

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու միջոցով իրենք կարող են ստեղծել տնտեսության բոլորովին նոր ճյուղ, որը միևնույն ժամանակ կբարձրացնի տեղի բնակիչների տրամադրությունը, գրում է The Wall Street Journal-ը:

Քաղաքապետը նշել է, որ նման համակարգն ունի սոցիալական ու տնտեսական մի շարք առավելություններ և կօգնի ուղղել նախկինում թույլ տրված սխալները:

Բացի դրանից, Բլազիոն համոզված է, որ դա կօգնի նոր տնտեսական հնարավորություններ ընձեռել հասարակության այն խմբերին, որոնք էապես տուժել են թմրանյութերի դեմ պայքարի շրջանում:

Նախօրեին Նյու Յորքի իշխանությունները հրապարակել են մարիխուանայի օգտագործման օրինականացմանը նվիրված մի զեկույց, որը կազմվել է մի քանի պատասխանատու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության համապատասխան վարչության ու առողջապահության նախարարության կողմից: Զեկույցում նաև առաջարկվում է ազատ արձակել բոլոր այն մարդկանց, որոնք պատասխանատվության են ենթարկվել մարիխուանայի օգտագործմա համար:

Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետը խոստացել էր հասնել վերոնշյալ օրենքի ընդունմանը 2019 թվականի առաջին 100 օրվա ընթացքում: