Մի քանի հոգով առևանգել են երիտասարդին, ծեծել, զենքով ու դանակով սպառնացել, որ հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը (տեսանյութ)

15:46 • 22.12.18

Դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել էին մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը: 

Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ինչ-որ առանձնատուն: Այնտեղ են եղել նաև 8 հոգի, որոնք քաղաքացուն ծեծել են ու կոտրել բջջային հեռախոսը:

Հարուցվեց քրեական գործ` քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն առևանգելը:

Ոստիկաններն անմիջապես ճշտեցին կասկածյալների ինքնությունը ու գտնվելու վայրը: 

Դեկտեմբերի 16-ին 4 կասկածյալներին հայտնաբերվեցին և անձին առևանգելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչից հետո էլ ներկայացվեցին նախաքննական մարմնին:

Բերման ենթարկվածներն են՝ երևանցիներ 1979 թվականին ծնված Սարգիս Մկրտչյանը, 1980 թվականին ծնված Կարեն Ջումայանը, 1983 թվականին ծնված Գոռ Հովհաննիսյանը և 1990 թվականին ծնված Արմեն Մկրտչյանը:

Նրանք ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: