Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ իրականացվող բողոքի ակցիան ավարտվեց. այն կշարունակվի վաղը Երևանում (թարմացված)

11:14 • 23.12.18

14:00

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան ավարտվեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ: Քաղաքացիները պայմանավորվեցին ակցիան շարունակել վաղը՝ արդեն Երևանում:


13:45

Վաղը՝ դեկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները ակցիա կիրականացնեն Արդարադատության շենքի դիմաց:

«Հավաքվում ենք ներկայացնելու պահանջ՝ Մանվել Գրիգորյանին ձերբակալելու, այնուհետև ըստ արժանվույն դատելու: Մենք դուրս ենք եկել փողոց այսօրվա արդարադատությանն ասելու, որ պետք չէր ազատ արձակել հանցագործ Մանվել Գրիգորյանին»,- հայտարարեց ցույցի մասնակցիները մեկը:

Էջմիածին քաղաքում շարունակվում է ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման քայլերթը:


12:30

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները քայլերթ սկսեցին Էջմիածնի փողոցներով՝ ավելի շատ մարդկանց իրազեկելու համար:

«Մեր պայքարն այս պահին անձնավորված է Մանվել Գրիգորյանի դեմ: Նա եղել է բռնակալ, որը պետք է պատժվի: Միևնույն ժամանակ մեր բողոքն ուղղված է բոլոր այն դատավորներին, ովքեր պատրաստ են փողի կամ իրենց դիրքի համար ծախվել և 25 մլն դրամով բռնակալի բաց թողնել»,- նշեց կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

11:14

Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման:

Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կոչ էր արել էջմիածնեցիներին դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին հավաքվել Էջմիածնի հրապարակում:


«Մենք չենք դադարեցնում մեր քայլերը, մեր պայքարն ավարտված չէ, ուղղակի այլևս չենք փակի փողոցներ, հանրահավաք կանենք: Էջմիածնից մեր պայքարը կսկսվի հանուն օրինականության: Գեներալ Մանվելը նախատիպ է, պետք է նման երևույթներն այլևս չկրկնվեն և դրա համար մենք շարունակում ենք մեր պայքարը ու հասնելու ենք մեր վերջնական նպատակին»,- հայտարարել է Ջ. Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց: 

Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել էր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ: Ոստիկանապետը վստահեցրել էր, որ «որևէ արտառոց բան տեղի չի ունենա»: «Մանվել Գրիգորյանը Ակնալիճի իր առանձնատանն է, այնտեղ ոստիկանները շուրջօրյա, 24-ժամյա ծառայություն են իրականացնում»,- ասել էր նա: