Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարողների մի մասը գնաց Էջմիածին, անելիքներն այնտեղ կքննարկվեն. բողոքի ակցիան ավարտվեց (տեսանյութ)

12:09 • 24.12.18

13:24

Ակցիայի կազմակերպիչները քննարկեցին և որոշեցին այդուհանդերձ դատարան չգնալ և մնալ Դատախազության առաջ, քանի որ միջնորդությունը դեռևս մուտքագրված չէ:

Նրանք որոշեցին, որ կգնան, երբ մուտքագրված կլինի: Ակցիայի մասնակիցների մի մասը շարժվեց դեպի Էջմիածին, նրանք նշեցին, որ Էջմիածնի հրապարակում կհավաքվեն և կքննարկեն անելիքները: Որոշվեց, որ բողոքի ակցիան այս պահին շարունակելու իմաստ չկա, նաև փողոց փակելու կարիք չկա, մինչև այն ժամանակ, երբ արդեն Դատախազության միջնորդությունը կմուտքագրվի:

13:23

Դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հանրության ճնշման արդյունքում դատարանն արագացնի գործի քննությունը: «Քանի որ անընդունելի է Նոր տարում Մանվել Գրիգորյանի ազատությունը»,-ասացին ցուցարարները:

«Մի բան պետք է հասկանալ, սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չի: Իսկ որպեսզի նիստը արագ նշանակվի, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված հնչեղ գործերով կա մոտեցում, եթե նկատեցիք, մենք ինքներս էլ 5-օրյա ժամկետից վաղ մեկօրյա ժամկետում տանում ենք դատարան: Դատարանի որոշելիքն է, դատախազության կողմից կարվի ամեն բան, որ ակտի օրինականությունը ստուգվի, որքան հնարավոր է, արագ»,-ասաց նա:

Գլխավոր դատախազը նշեց, որ բազմադրվագ և բազմածավալ գործ է: Դատախազի հետ հանդիպումից հետո ցուցարարները որոշեցին ցույցը շարունակել Վերաքննիչ դատարանի առաջ: Նրանք քայլերթով շարժվեցին դեպի դատարան՝ միաժամանակ որոշելով, որ պայքարը կշարունակեն առանց ճանապարհ փակելու: Նրանք ևս մեկ պահանջ ներկայացրին՝ պահանջելով առաջին ատյանի որոշում կայացրած դատավորի հրաժարականը:



13:22


Բողոքի ցույցի մասնակիցները դատախազության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո կոչ արեցին փողոց փակել, ինչի շուրջ քննարկումներ ծավալվեցին, քանի որ դեմ կարծիքներ էլ կային:

Ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկավ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մենք դիրքորոշումների տարբերություն չունենք, արդեն հայտարարել ենք, և ես վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական հայտը, համաձայն չենք ակտի հետ և մեր հիմնավորումներով ներկայումս պատրաստում ենք բողոքը և ամեն ինչ անելու ենք, որ բողոքն այսօր մուտք արվի Վերաքննիչ դատարան»,-ասաց նա:

Նրանից  հետաքրքրվեցին, թե բողոքի լսումը, ըստ նրա, ե՞րբ կլինի, արդյոք տոներից հետո՞: Արթուր Դավթյանը պատասխանեց. «Օրենք է կարգավորում, որը նախատեսում է, որ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում»,-ասաց նա:



Իսկ թե Դատարանն ինչ հիմքով է ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, դատախազն ասաց. «Հիմնականում փաստարկները կապել է հիվանդության հետ և, ըստ էության, ոչ թե կալանքի հիմքեր չի տեսել, այլ ուղղակի հիմքեր է տեսել, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք»,-ասաց նա և նշեց, որ իրենք չեն կարծում, որ հիվանդություններն այնպիսին էին, որ անհամատեղելի լինեն կալանքի հետ:



12:57

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջավ Դատախազությունից Կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա ասաց, որ Գլխավոր դատախազը զբաղված է և հանդիպել չի կարող, միաժամանակ հայտարարեց, որ դատարանի որոշումը ստացել են:

«Որոշման հետ համաձայն չենք, բողոքը գրում ենք, այսօր մուտք ենք անելու»,-ասաց նա: Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ բանակցությունները միայն մեկ դեպքում կլինեն դատախազի հետ, եթե լինի դրսում և բոլորի դիմաց:

Նրանք Դատախազության ներկայացուցչից հետաքրքրվեցին, թե իրավական ընթացակարգերն ինչքան են տևում: Վահագն Մուրադյանը նշեց, որ ինքը դատարանի փոխարեն որևէ բան չի կարող ասել: «Մեր փոխարեն կարող եմ ասել, որ այսօր մուտք է արվելու»,-ասաց նա:

Բողոքի մասնակիցները նշեցին, թե չեն կարող այդքան համբերել և անելու են ամեն ինչ, որ արագ լինի:

Վահագն Մուրադյանը նշեց, որ կարծում է՝ մինչև նոր տարի ընթացք կտրվի: Ցույցի մասնակիցները նշեցին, որ շարունակելու են հանրային ճնշումը:



12:38

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են կալանքի տակ պահել նրան: Բողոքի ակցայի նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարբեր մեկնաբանություններ կան, թե բողոքի ակցան նախաձեռնել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանը, սակայն դա այդպես չէ:

«Այդպես ասվում է, որ մենք քչանանք, դա ես համարում եմ այս ակցիայի դեմ քայլ: Դրանք զրպարտություններ են: Սա էջմիածնեցու խնդիրը չէ, սա հայության խնդիրն է, այսօր Մանվել Գրիգորյանն է դրսում, նրա դեմ է ակցիան, Ռոբերտ Քոչարյանը դուրս գա, նրա դեմ ենք դուրս գալու: Այսօրվանից մեկնարկում է «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը, ցանկացողները կարող են միանալ»,-ասաց Աբրահամյանը:

12:24


Բողոքի ակցիայի մասնակիցները Արդարադատության նախարարության շենքի դիմացից շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Այս պահին նրանք այստեղ են ներկայացնում իրենց պահանջները:

12:09

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց:

Նախաձեռնության անդամները նշում են, որ հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար է իրենց պայքարը, և Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը ապօրինի որոշման արդյունք է, նա պետք է կրկին հայտնվի ճաղերի հետևում:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։ Նույն օրը՝ կեսգիշերին, Էջմիածնում մեկնարկել են որոշման դեմ բողոքող քաղաքացիների ակցիաները: Դատախազությունը հայտարարել էր գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին:

Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։